«Մենք չենք կարող հարվածել ԱՄՆ-ի տարածքին, ուստի կհարձակվենք տարածաշրջանում նրանց բազաների վրա: Մենք չենք հարձակվում Պարսից ծոցի մեր եղբայրների վրա, մենք չենք հարձակվում մեր հարևանների վրա: Մենք հարձակվում ենք ամերիկյան թիրախների վրա, դա ակնհայտ է»,- հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին:               
 

Իրանի հարվածներն իր թշնամիներին ու նրանց դաշնակիցներին. ջիհադը՝ սրբազան պատերազմը, սկսված է

Իրանի հարվածներն իր թշնամիներին ու նրանց դաշնակիցներին. ջիհադը՝ սրբազան պատերազմը, սկսված է
03.03.2026 | 11:54

Նախապես նշենք, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնատար անձինք ու պաշտոնական մարմինները միտումնավոր կերպով նվազեցված են ներկայացնում Իրանի հարվածների հետևանքով իրենց զոհերի, վիրավորվածների թվաքանակները և ավերածությունների մասշտաբները, թաքցնում իրական կորուստները, իսկ իրենց հարվածների հետևանքները ներկայացնում ուռճացված կերպով:

Ինչպես հայտնել է իրանական «Fars» լրատվական գործակալությունը, Իրանն այսօր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով նոր հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքի ամերիկյան ռազմակայաններին, մասնավորապես, գրոհել է ԱՄԷ-ում, Քաթարում և Բահրեյնում ԱՄՆ-ի ռազմաբազաները:

Աղբյուրի տվյալներով՝ հարձակման են ենթարկվել Բահրեյնում, Քուվեյթում, Իրաքում, ինչպես նաև Աբու Դաբիում, Դուբայում (ԱՄԷ) և Դոհայում (Քաթար) գտնվող օբյեկտները:

Հարվածի տակ են հայտնվել, մասնավորապես, Մանամայում (Բահրեյն) ԱՄՆ-ի Հինգերորդ նավատորմի շտաբը, Իրաքում տեղակայված ռազմակայանները եւ Դուբայում ամերիկացիների կողմից օգտագործվող նավահանգիստը: Միացյալ նահանգների պաշտոնական իշխանությունները հայտնել են երեք սպանված զինծառայողների մասին, ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ դեռ չեն հայտնել:

Աշխարհի ամենահեղինակավոր շիա աստվածաբաններից մեկը՝ մեծն այաթոլլա Մաքարեմ Շիրազին, Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունից հետո սրբազան պատերազմ է հայտարարել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ:

«Իրանի և իսլամական աշխարհի ժողովուրդը վրեժ է փափագում հեղափոխության անմեղ սպանված առաջնորդի արյան համար։ Այդ հանցագործության գլխավոր մեղավորներն են ԱՄՆ-ի ամբարտավան կառավարությունը և վնասակար սիոնիստական ռեժիմը, և վրեժխնդրությունն աշխարհի բոլոր մուսուլմանների կրոնական պարտքն է, որպեսզի այդ հանցագործների չարիքն աշխարհից արմատախիլ արվի»,- հոգևոր գործչի խոսքն է մեջբերել իրանական «Tasnim» գործակալությունը։

Նշենք նաև, որ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը այաթոլլա Ալի Համենիի սպանությունն անվանել է բաց պատերազմ բոլոր մահմեդականների դեմ:

Ինչպես երեկ հայտնել է իսրայելական 12-րդ հեռուստաալիքը, Իսրայելի Բեյթ Շեմեշ քաղաքում բնակելի շենքի ուղղությամբ իրանական բալիստիկ հրթիռի հարվածի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, 17 մարդ հոսպիտալացվել է, նրանցից երկուսի վիճակը ծանր է։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ևս երկու տուժածի օգնություն է ցուցաբերվել դեպքի վայրում:

Իսրայելական «Կան 11» հեռուստաալիքը երեկ, իր հերթին, հայտնել է մեկ այլ դեպքի մասին. Թել Ավիվում Իրանի հրթիռային հարվածից մեկ մարդ է զոհվել, 25-ը՝ վիրավորվել, մարդկանց որոնումները շարունակվում են, շենքից տարհանվել է 22 տուժած: Իսրայելի շտապօգնության ծառայության տվյալներով՝ տուժածների թվում կա մի տղամարդ, որը ծանր վիճակում է՝ բեկորային վնասվածքներով: Մի քանի մարդ գտնվում է միջին ծանրության վիճակում:

Ինչպես տեղեկանում ենք քաղաքագետ, քաղաքական վերլուծաբան Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից, Իրանի կողմից Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանում իսրայելական ինքնաթիռը թիրախավորվել է թռիչքից մի քանի վարկյան առաջ (համապատասխան տեսանյութը՝ այստեղ ):

«Reuters գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է երեկ Հորմուզի նեղուցի մոտ երկրորդ նավթատար նավին Իրանի հարվածի մասին: Տանկերը տեղափոխում էր հում նավթ։ «MKD Vyom» նավթային տանկերը, որը նավարկում էր Մարշալյան կղզիների դրոշի ներքո, վնասվել է Օմանի ափերի մոտ:

«France 24»-ի աղբյուրների տվյալներով՝ հրթիռի հարվածը տեղի է ունեցել Օմանի մայրաքաղաք Մուսկատից մոտ 44,4 ծովային մղոն (մոտ 82,2 կմ) հյուսիս-արևմուտք, լցանավը հում նավթ էր տեղափոխում: Նույն օրն ավելի վաղ հարձակման էր ենթարկվել «Skylight» տանկերը, որն ընթանում էր Պալաուի դրոշի ներքո։ Այն սկսել է խորտակվել։ «Al Mayadeen»-ի տեղեկություններով՝ տուժել է չորս մարդ, անձնակազմի 20 անդամներ տարհանվել են։ Հորմուզի նեղուցի մոտ նավերի կուտակում է առաջացել:

Ինչպես որոշ ժամանակ անց, «Коммерсант»-ի փոխանցմամբ , հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը, Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի ջրատարածքում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի երեք տանկերի ուղղությամբ:

«Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի շրջանում ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից կանոնները խախտած երեք տանկեր խոցվել են հրթիռներով և այրվում են»,- հայտարարել են ԻՀՊԿ-ում (մեջբերումն իրանական «Fars» գործակալության, որը կառավարվում է ԻՀՊԿ-ի կողմից):

Իրանն իր դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած պատերազմի առաջին օրը՝ փետրվարի 28-ին, ինչպես հաղորդվում է , գրոհել էր Արաբական ծովում ամերիկյան «USS Abraham Lincoln» ատոմային ավիակիրը: «Коммерсант»-ի փոխանցմամբ , ԻՀՊԿ-ը երեկ հայտարարել է «ճշմարիտ խոստում-4» գործողության շրջանակներում չորս բալիստիկ հրթիռով ամերիկյան նույն ավիակրին հրթիռային հարվածների մասին: Երեկ նույնի մասին հայտնել է նաև Իրանի IRNA գործակալությունը: Սակայն, ինչպես ավելի ուշ հայտնել է ԱՄՆ-ի ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը, Իրանի արձակած հրթիռները չեն կարողացել հասնել ավիակրին։

Նշենք, որ վերոնշյալի առումով իրականությունը մնում է անորոշ, իսկ հստակը հետևյալն է. «USS Abraham Lincoln» ավիակիրը, որը փետրվարի սկզբին անցում էր կատարել Արաբական ծով, երեկ այնտեղից դիմել է փախուստի դեպի Հնդկական օվկիանոս: ԻՀՊԿ-ից, «Аргументы и факты»-ի փոխանցմամբ, հայտնել են, որ Իրանի կողմից հարձակման ենթարկված ավիակիրը հեռացել է Իրանից և ուղղվել է դեպի Հնդկական օվկիանոս:

«Ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» («USS Abraham Lincoln») ավիակիրը իրանցի զինվորականների հասցրած հարվածից հետո հեռացել է Իրանի ափերից. այս մասին հայտնել է իրանական IRIB պետական հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ԻՀՊԿ-ին:

«Հարձակումից հետո ամերիկյան ավիակիրը լքել է այն շրջանը, որտեղ կատարում էր իր առաքելությունը և ուղևորվել դեպի Հնդկական օվկիանոս»,- նշված է Իրանի զինված ուժերի էլիտար կազմավորման՝ ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ:

Ինչպես երեկ, «Комсомольская правда»-ի փոխանցմամբ , հայտնել է «Tasnim» գործակալությունը, ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) բարձրաստիճան սպաներից վեցը ոչնչացվել են ԱՄԷ-ին փետրվարի 28-ին Իրանի զինված ուժերի հարվածի հետևանքով:

Ըստ աղբյուրի, ԿՀՎ ևս երկու աշխատակից վիրավորվել է իրանական բանակի հարվածների հետևանքով: Ընդ որում, ԱՄՆ-ի կողմից կատարվածի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ դեռ չեն եղել։ Նշվում է, որ հարձակումն իրականացվել է ԿՀՎ-ի կենտրոնակայանի վրա՝ Դուբայի համալիրներից մեկում, որտեղ բնակվում էին ամերիկացի ներկայացուցիչները:

Երեկ ավելի վաղ «Комсомольская правда»-ն հղում կատարելով ԻՀՊԿ-ին, հաղորդել էր , որ ԱՄՆ-ի շուրջ 560 զինծառայողներ զոհվել կամ վիրավորվել են Իրանի կողմից ամերիկյան ռազմաբազաներին հասցված հարվածների հետևանքով:

Իրանը երեկ հայտարարել է նաև Քուվեյթում «Ալի Ալ-Սալեմ»-ի ամերիկյան ավիաբազան ամբողջապես շարքից հանելու մասին: Life.ru-ի փոխանցմամբ , ԻՀՊԿ-ը տեղեկատվություն է տարածել տարածաշրջանում ԱՄՆ-ի օբյեկտներին զանգվածային հարվածի մասին: Ըստ այդ տվյալների, Քուվեյթում գտնվող «Ալի ալ-Սալեմ» ավիաբազան ամբողջովին շարքից դուրս է եկել. այս մասին հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։

ԻՀՊԿ-ի հայտնածի համաձայն, բազայի ուղղությամբ արձակվել է 4 բալիստիկ հրթիռ և 12 անօդաչու թռչող սարք: Հարձակման հետևանքով, ըստ Թեհրանի, ոչնչացվել է օբյեկտի ենթակառուցվածքը, իսկ ամերիկացի զինվորականների շրջանում կան զոհեր և վիրավորներ:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 254

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ